ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դատական իշխանության անկախացումից դեպի Հունիսի 14

Post 1

Տեսակետ կա, թե Մայիսի 20-ից հետո իշխանություններն անկաշկանդ կլինեն Հունիսի 14-ը հիշատակելու հարցում։ Այս ենթադրության հիմք է ծառայում այն, որ դատական իշխանության անկախության գործընթացի մեկնարկով ազդարարվեց փաստացի ավարտը մի դարաշրջանի, երբ ՀՀ ղեկավարությունը չէր համարձակվում մտածել, որ կարող է չսպասարկել ռուսական հետաքրքրությունները։

(«Սա երկրի կայունության, բնականոն կյանքի եւ ազգային անվտանգության խնդիր է։ Սա նաեւ տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետեւ անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում»։ Նիկոլ Փաշինյան, մայիսի 20, Երևան։)

Բոլորի համար վաղուց պարզ էր, որ քանի դեռ Հայաստանը չի ազատվել ռուսական փաստացի կախվածությունից, Արևմտյան լուրջ ներդրումներ և աջակցություն, բնականաբար, չեն լինի։ Արևմտյան պոտենցիալ ներդրողներն անցյալ մեկ տարում թերահավատ էին ներկա իշխանությունների նկատմամբ, քանի որ Հայաստանը ռուսական փաստացի կախվածությունից ազատագրելուն ուղղված քայլ չէր անում։ Սակայն դատական իշխանության անկախության գործընթացն ազդարարեց իշխանությունների քաղաքական կամքի առկայությունն այս հարցում։ Իսկ դրան հաջորդած քաղաքացու և միջազգային հանրության աջակցության ցույցերը վկայում են, որ նրանք ակնկալում են այս կամքի արտահայտություն նաև անկախացման սպեկտրի մյուս հատվածներում։

(«Այս օրակարգը երկար ժամանակ քննարկում ենք ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, եւ ես հույս ունեմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետեւ մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին»։ Նիկոլ Փաշինյան, մայիսի 20, Երևան։)

Քաղաքակիրթ աշխարհի գնահատմամբ՝ խորհրդային բռնազավթման տարիներին բռնազավթված ժողովրդների նկատմամբ կատարվել են հանցագործություններ։ Դրանք բնորոշվում են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի։ Ազատագրված ժողովուրդները խորհրդային բռնազավթման տարիներին խորհրդային վարչախմբի կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ ունեն հստակ դիրքորոշում, որն արտահայտվում է ամբողջատիրության զոհերի հիշատակին առանձնակի ընդգծված հարգանքի տուրք մատուցելով։ Այդ վերաբերմունքը, բնականաբար, կիսում են նաև Եվրամիությունը և Արևմուտքը։ Եվ եթե Հայաստանն Արևմտյան կառույցներից ակնկալում է աջակցություն, ինչպես նաև՝ անկեղծորեն ձգտում է ժողովրդավարական և մարդասիրական պետություն դառնալ, ապա, բնականաբար, պետք է հարգի խորհրդային ամբողջատիրության զոհերի հիշատակը։

Առաջ ասում էին, թե եթե Հայաստանի իշխանությունները կառավարական մակարդակով նշեն Հունիսի 14-ը, ապա Ռուսաստանը, հնարավոր է, պատերազմ հրահրի, ինչպես՝ 2016-ի ապրիլին։ Նույն մտավախությունը կա նաև դատական իշխանությունն անակախացնելու հարցում։ Վարչապետի մայիսի 20-ի ելույթի երկրորդ՝ խնդրին անուղղակի առնչվող հատվածում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու մասին արված դիտարկումներն այդ հնարավոր հակազդեցությանն մասին թափանցիկ ակնարկն էր։

Ուստի, եթե մեծ ժողովրդականություն վայելող իշխանություններն աչքի առաջ այդ «վտանգն» ունենալով արդեն իսկ նախաձեռնել են դատական իշխանությունն անկախացնելու գործընթաց, ապա ի՞նչն է խանգարելու նրանց Հունիսի 14-ին կառավարական մակարդակով մի ծաղիկ խոնարհելու, հարգանքի մի խոսք ասելու 1920-1991թթ. հանիրավի բռնադատվածների՝ Երևանի բանտում կացնահարվածների, գնդակահարված ու աքսորված մեր հազարավոր սպաների, սպանված Չարենցի, Բակունցի և հարյուրավոր մեր մտավորականների, աքսորված տասնյակ հազար ներգաղթյալ սփյուռքահայերի, բռնագաղթի ճանապարհին ցրտից ու քաղցից մահացածների, մեր հարյուր հազարավոր անմեղ զոհերի անմար հիշատակին։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.