ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխության ամորտիզատորի էֆեկտը

Post 1

Սպառնալիքը

Ցավալի է, որ մեր հասարակության մեծ մասը «քննադատություն» բառն ընկալում է բացասական և աձնավորված իմաստով՝ վեր հանել ինչ-որ մեկի թերություններն ու սխալները, հանդիմանել, սևացնել և այլն։ Սա ինչ-որ առումով կարելի է վերագրել հասարակության մեծ մասի մշակութային տգիտությանը։ Սակայն երբ ստեղծագործական աշխատանքում ու քաղաքական գործընթացում ներգրավվածներն են այդպես վերաբերվում քննադատությանը, դա արդեն սպառնալիք է ժողովրդավարական պետության համար։

Ճանաչողության գործիքը

Ինչպես լուրջ ստեղծագործության, այնպես և լուրջ քաղաքականության մեջ պատահական և անկապ բաներ չկան։ Ստեղծագործության, ինչպես նաև՝ քաղաքականության իմաստը, նշանակությունը, խնդիրը, թիրախը, գործողությունները, գործող անձինք ու նրանց միջև հարաբերությունները, կոնֆլիկտները և, ի վերջո, հանգուցալուծումները հասկանալի են դառնում բանիմաց քննադատի կողմից մատուցվող լուսավոր քննադատության միջոցով։ Տեսակետ կա, թե մարդն ինքնուրույն կարող է հասկանալ այդ ամենը։ Պարզ բաները՝ միգուցե, ինչպես որ, թեթև հիվանդության դեպքում մարդը կարող է ինքնուրույն բժշկվել։ Բայց առողջության հետ կապված լուրջ խնդրի ժամանակ մարդկանց մեծ մասը դիմում է բժշկի օգնությանը։ Նույնպես և լուրջ ստեղծագործությունը և լուրջ քաղաքականությունը հասկանալու համար անհրաժեշտ է դիմել քննադատի օգնությանը։ 

Հիմար վիճակում հայտնվելու վախը

Մարդը քննադատի գոյության կարևորությունը ուշ է հասկացել։ Երբ բազմաթիվ հանճարեղ ու տաղանդավոր ստեղծագործողներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ հասկացվեցին-գնահատվեցին իրենց մահվանից հետո (երբեմն՝ տասնամյակներ անց), քաղաքական-մշակութային պատասխանատվության գիտակցում ունեցողները (որոշ դեպքերում՝ նրանց ժառանգները), ինչպես նաև մեծ ու փոքր հայրենասերներն ամոթից գետինը մտան, թե իրենք կամ իրենց «իմաստուն» պապերը ինչո՞ւ, ինչպե՞ս չեն նկատել, գնահատել, արժանին մատուցել իրենց կողքին ապրած, իրենց ազգի ու ժողովրդի անունն ու վարկը բարձրացրած մշակութային, գիտական, տնտեսական, քաղաքական գործչին, ինչո՞ւ, ինչպե՞ս չեն հասկացել մշակութային, քաղաքական գործընթացները և ճիշտ դիրք ու որոշում չեն ընդունել։ Այդ ամոթն ու ապագայում հիմար վիճակում հայտնվելու վախն են ստիպել ընտրանիներին ստեղծելու գործիքներ, որոնց հիմնական գործառույթն է քննադատել և այդպիսով առավել հասկանալի դարձնել ստեղծագործությունը, քաղաքական, մշակութային, այդ թվում նաև հեղափոխական գործընթացները՝ դրանցում ներգրավված գործիչներով հանդերձ։ 

Լուսավոր քննադատություն

Եթե (օրինակ 1) դատական համակարգում վիրահատական միջամտությունների մասին հայտարարված գործընթացի քննադատության թիրախներ են վերցվում խնդրի պատմական, քաղաքական, մշակութային առարկայական անհրաժեշտությունը, հրատապությունը, արծարծվող գաղափարը, արժեքների հետ ընդհանրությունը, տնտեսական առումով պահանջվածությունը, ազգային և քաղաքակրթական շահերի ընդհանրությունը, հնարավոր մշակութային դրական հետևանքները, ինչպես նաև հնարավոր ռիսկերը, կորուստները, հակազդեցությունը և դրանք նվազեցնելու գործիքները, ապա այդպիսի քննադատությունը լուսավոր է։ Իսկ եթե (օրինակ 2) նույն գործընթացը ներկայացվում է սոսկ որպես ճերմակ-գանգուր մազերով վերջին նախկին կոմունիստից ազատվելու քարտեզ, այդպիսի խոսքը քննադատության հետ հեռավոր առնչություն ունի։ Ակնհայտ է, որ 2-րդ օրինակն ավելի դյուրամարս է։ Սակայն դրանով բավարարվելն ու 1-ին օրինակում թվարկվածներով ամբողջական պատկերը չներկայացնելը ազնիվ չէ դատավորի, քաղաքացու, քաղաքակիրթ աշխարհի, հակաքաղաքակրթական ուժերի, պարոն Փաշինյանի և ընդհանրապես կիրթ մարդու նկատմամբ։

Մեր բախտը

Մեր բախտը չի բերել՝ Հայաստանում քննադատը հասարակական լսարան չունի, տեղ չունի, Հայաստանում ճանաչված-հարգված քննադատ այնքան քիչ կա, որ կարելի է ասել՝ գրեթե չկա։ (Համոզվելու համար կարող եք հարցնել պատահական անցորդների, խնդրելով նշել իրենց հայտնի մեկ քննադատի անուն, որի քննադատություններին ծանոթ են, որի քննադատությունները կարևորում են քաղաքական-մշակութային ճանաչողության առումով։) Դա է պատճառը, որ շատ ստեղծագործություններ (երբեմն՝ հրաշալի), ինչպես նաև քաղաքական գործընթացների մեծ մասն անհասկանալի են մնում հասարակության համար։ Մխիթարանքն այն է, որ այս դժբախտության մեջ մենակ չենք, մեզնից հետամնաց ու խավարակյաց ժողովուրդներ կան։ Մյուս կողմից, սակայն, ամոթ է, որ աշխարհի հարթակներում ներկայանում ենք որպես քաղաքական ու մշակութային հեղափոխական հավակնություններ ունեցող ժողովրդավարական հասարակություն, բայց քննադատությունը որպես հասարակությունը լուսավորելու գործիք լայնորեն չենք կիրառում։ 

Հակաժողովրդավարական պրակտիկան

Երբ գրողն է քննադատում իր գրածը, ռեժիսորն իր ֆիլմը, խոհարարն իր ապուրը, պատկերը, բնականաբար, լինում է ծայրահեղ սուբյեկտիվ, հուզական, երբեմն՝ մեծամիտ, արհամարհական, վերացական, այդպիսով՝ անլիարժեք, աղճատ, թերի։ Հակաժողովրդավարական երկրներում (Վենեսուելա, Հս․ Կորեա, ՌԴ և այլն) քննադատ ու քննադատություն չկան։ Փորձ անողը անմիջապես պիտակավորվում է՝ չկայացած, նախանձ, փուչ, անպտուղ, անհեթեթ, չուզող, նույնիսկ՝ թշնամի։ Ժողովրդի հետ կարևորի մասին խոսում են միայն առաջնորդն ու նրա մունետիկը, պարբերաբար ասուլիս տալիս, մի քանի ժամանոց ելույթ ունենում, որոնց հետևում է ամբողջ ժողովուրդը, որովհետև ուզում է իմանալ-հասկանալ՝ ի՞նչ կա-չկա։ Բայց քանի որ այդ մասին պատմում է գործող անձը, այսպես ասած՝ «կինոյի տղեն», ամեն ինչ լղոզվում է։ Այնուհետև պալատական մունետիկն այդ լղոզ կտավից դուրս է քաշում մի քանի կարմիր թելեր։ Արդյունքում ստացվում է կարմիր թելերով եզրագծված, միագիծ տրամաբանությամբ տափակ քարոզ, որը չի լուսավորում մարդուն, այլ դարձնում է հպատակ, հակաժողովրդավարական բութ գործիք։ Եվ մարդը, որն ուզում էր հասկանալ, թե ինչն ինչոց է, ընդամենն իմանում է, թե որտեղ իրավունք ունի կանգնել, որտեղ՝ կտուգանվի։ Իսկ երբ մի պահ էլ զարթնում է զոմբիական թմբիրից, նրա առաջին ցանկությունը լինում է կարմիր գծերը ջնջելը կամ շրջանցելը։ 

Անհրաժեշտն ու բավարարը

Ազատ հասարակությունում խոսքի ազատությունը թույլ է տալիս ազատորեն խոսել մշակութային, քաղաքական իրադարձության, գործող անձանց, գործընթացի, ստեղծագործության, նույնիսկ՝ հեղափոխության և հրաշքի մասին։ Խոսքի ազատությունը քննադատի գոյության անհրաժեշտ պայմանն է։ Բավարար պայմանը՝ քննադատության նշանակությունը, տեղն ու դերը կարևորելու քաղաքական կամքն է։ Այս կամքը ծնվում է մարդասիրական այն գիտակցումից, որ ազատ հասարակությունը ստեղծագործությունն ու քաղաքականությունը հասկանալու, մշակութաբանորեն լուսավորվելու և այդպիսով բանական ընտրություն կատարելու իրավունք ունի: Ծնվում է նաև պրագմատիկ այն գիտակցումից, որ լուսավորված հասարակությունն առանց մտրակի՝ ինքնըստինքյան է մղվում առաջընթացի և կատարելության։ 

Հրատապությունը

Արմատական փոփոխությունների հաջողությունը գնահատվում է ձեռքբերումների և այդ ընթացքում ունեցած կորուստների հարաբերությամբ։ Մեծ կորուստը ստվերում է ձեռքբերումը և հակազդեցություն առաջացնում, ինչի հետևանքով սևեռումը ձեռքբերումից տեղափոխվում է հակազդեցությունը ճնշելու ուղղությամբ։ Հայաստանում ընթացող արմատական փոփոխություններին կամա թե ակամա ներգրավված է ժողովրդի մեծ մասը, որի զգալի հատվածը փոփոխություններին վերաբերվում է հուզական բնությամբ՝ առանց խորությամբ ըմբռնելու։ Այս իրավիճակը հղի է հասարակական անկառավարելի պոռթկումներով, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն օր։ Իսկ քննադատությամբ զինված և լուսավորված լինելը զերծ է պահում ավելորդ հուզականությունից և դրանով պայմանավորված ավելորդ բախումներից ու սխալներից։ Մարդը կարողանում է զանազանել կարևորն անկարևորից, իմանում է՝ ինչ է անում և ինչի համար, այդպիսով՝ հաստատուն է դարձնում քաղաքական-մշակութային առաջընթացը։ 

Եվ ամենակաևորը՝ քննադատությամբ լուսավորված հասարակությանը հակաազգային, հակաքաղաքակրթական, հակահասարակական, հակամարդկային, անբարոյական, անկիրթ, ծայրահեղ, հիմար քայլերի դրդելը շատ բարդ է, գրեթե անհնարին։ Այս առումով՝ լուսավոր և ըստ էության քննադատությունը կատարում է հեղափոխական ոգևորությամբ և արմատական փոփոխություններով պայմանավորված հասարակական ցնցումները մեղմացնողի՝ ամորտիզատորի գործառույթ։

Եզրակացություն

(Թողնում եմ Ձեզ։)

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական կուսակցության քարտուղար

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.